Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ադամի» մեդիա մրցանակ (տեսանյութ)

«Ադամի» մեդիա մրցանակ (տեսանյութ)
18.09.2015 | 00:48

Բազմազան նկարագիր, արտաքին, հետաքրքրություն, դավանանք ունեցող մարդկանցով բնակեցված Երկիր մոլորակը խնդիր ունի գտնելու եզրեր՝ տարաբնույթ այդ բազմազանություններն ի մի բերելու, դրանց շուրջ ներդաշնակ մթնոլորտ ապահովելու առումով:Այս նպատակին հասնելու ամենադյուրին և ընդունելի ճանապարհն անցնում է մշակույթի միջով: Այս ճշմարտությանը հասու առաջադեմ մարդկությունն իր առաքելությունն է համարում օր օրի խորացնել ու ամրապնդել ձևավորված և ձևավորվող այն հանգույցները, որոնք պիտի ծառայեն ի բարօրություն համայն աշխարհի մարդկության ու տիեզերքի:

Այդպիսի մի նախագիծ է մեկնարկել Հայաստանում, որը կրում է «Ադամի մեդիա մրցանակ Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար» անվանումը: Ծրագիրը նպատակ ունի խթանելու միջմշակութային կապերը, երկխոսությունն ու փոխըմբռնումը Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակությունների միջև: Փոխըմբռնման համար իբրև բանալի է ընտրված կինոլեզուն (ֆիլմեր, հեռուստատեսային և առցանց ծրագրեր):
Այս ծրագիրը ֆինանսավորում է Գերմանիայի Բունդեսթագը: Ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և ՈՒկրաինան:
Ծրագրի տնօրեն Ստեֆան Տոլցը «Ադամիի» հայաստանյան շնորհանդեսի ժամանակ մանրամասնորեն ներկայացրեց նախագիծը՝ պատմելով արդեն հաջողություններ գրանցած համանման մեկ այլ նախագծի՝ «Civis»-ի մասին:


«Ադամի մեդիա մրցանակը Եվրոպայում շատ հայտնի և մշակութային բազմազանությանը նպաստող կարևոր միջոցառում է, և մենք որոշեցինք գտնել միջոցներ, որպեսզի դրան մասնակից դառնան Արևելյան գործընկերության երկրները, որպեսզի դառնա հնարավոր ավելի սերտացնելու կինոռեժիսորների, լրատվամիջոցների, բլոգերների միջև առկա կապը»,- ասաց Տոլցը՝ ի մասնավորի:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը կարևորեց այս նախագծի մեկնարկը հայկական կինոմիջավայրում և հորդորեց հայ կինոգործիչներին չհապաղել ներգրավվելու «Ադամի մեդիա մրցանակի» շրջանակներում: Նա նկատեց, որ հայերը սովորաբար դանդաղ են գործում կազմակերպչական, փաստաթղթային ձևակերպումների հարցերում, և սա կարող է խոչընդոտել մեկնարկած ծրագրին մասնակից դառնալու գործընթացին, այնինչ «Ադամի» մեդիա մրցանակը մի նախագիծ է, որի շնորհիվ կարելի է բացել համագործակցության, զարգացման նոր հեռանկարներ կինոաշխարհի ներկայացուցիչների համար: «Այս ծրագրին մասնակցությունը անպայման է հայ ստեղծագործողների համար: Ես գիտեմ մեր՝ հայկական կինոաշխարհը և գիտեմ մեր հարևաններինը: Եթե խաղարկային, մեծ կինոյի մեջ մենք մրցակցության դժվար կդիմանանք, ապա դոկումենտալ ֆիլմերի, հեռուստատեսային հաղորդումների, վեբ-կայքերի դեպքում լավագույն նախաձեռնողներից ենք: Եվ ես կցանկանայի, որ հայ կինեմատոգրաֆիստներն սկսեն ոգևորությամբ մասնակցել այս գործին»,- նշեց Հ. Խաչատրյանը:
ԵՊՀ-ի և ԵԿԹՊԻ-ի դասախոս, կինոքննադատ Սիրանուշ Գալստյանն իր խոսքում ոչ միայն շեշտադրեց «Ադամի մեդիա մրցանակի» կարևորությունը, այլև հակիրճ, բայց ամփոփ էքսկուրս կատարեց հայ կինոյի պատմության տիրույթներում՝ նշելով, թե որքան վաղուց է միջմշակութային փոխըմբռնումն ու տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ համագործակցությունն իր հաստատուն հիմքերը դրել հայ կինոգործիչների ստեղծագործական կյանքում՝ սկսած Համո Բեկնազարյանից մինչև կինոաշխարհի մերօրյա ներկայացուցիչները: «Մշակութային բազմազանությունը վաղուց է ներկայացված եղել հայ կինոյի պատմության ընթացքում: Մեր կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը դեռևս 20-րդ դարասկզբին, երբ դեռ այսքան ակտիվորեն չէին շրջանառվում այնպիսի հասկացություններ, ինչպես մշակութային բազմազանություն, միջմշակութային երկխոսություն և այլն, իբրև կինոյի «տիրակալ», եղավ հիմնադիրը ոչ միայն հայ կինոյի, այլև ակտիվ մասնակցություն ունեցավ վրացական, ադրբեջանական, միջինասիական, հեռավորարևելյան ազգությունների կինոյի ձևավորման հարցում»,- փաստեց Ս. Գալստյանը:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգը պարզաբանեց, թե ինչ նկատառումներով է Գերմանիայի արտաքին գործոց նախարարությունը ֆինանսավորում «Ադամի» մրցանակաբաշխությունը: «Ծրագիրը միտված է քաղաքացիական հասարակության զարգացմանը Արևելյան Եվրոպայում: Այդ նպատակի իրագործմանը հատկացվել է 14 մլն եվրո: Հայաստանն այս տարի ծրագրին մասնակցում է առաջին անգամ: Եվ մենք շատ ուրախ ենք, որ բազմաթիվ հայտեր ենք ստացել հայկական կազմակերպություններից»,- ասաց տիկին Լիխտենբերգը:


Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ինքը, չլինելով արվեստագետ, այս նախաձեռնությունն արժևորում է որպես հասարակական գործիչ: Եվ այսօրինակ երևույթները համարում է շատ կարևոր՝ բազմազան էթնիկ խմբերի միջև փոխըմբռնումն ու համակեցությունը հարթ ու խաղաղ դարձնելու առումով:
Նշենք, որ 2015 թվականին «Ադամի» մրցանակաբաշխությունը կիրականացվի վեց անվանակարգում.
1. «Ադամի» մեդիա մրցանակ՝ ժամանցային (խաղարկային) ֆիլմի համար
2. «Ադամի» մեդիա մրցանակ՝ տեղեկատվության (ոչ խաղարկային) ֆիլմի համար
3. «Ադամի» մեդիա մրցանակ՝ նորությունների և կարճամետրաժ (ոչ խաղարկային) ֆիլմերի համար
4. Երիտասարդ «Ադամի» մեդիա մրցանակ
5. «Ադամի» առցանց մրցանակ՝ վեբ-կայքերի համար
6. «Ադամի» առցանց մրցանակ՝ վեբ-տեսանյութերի համար
Մասնակիցներն իրենց հայտերը պետք է ներկայացնեն մինչև սույն թվականի հոկտեմբերի 25-ը: Իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն և մրցանակները կհանձնվեն այս տարվա դեկտեմբեր ամսին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
«Ադամի» մեդիա մրցանակի վերաբերյալ առավել համապարփակ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքում՝ www.adamimediaprize.eu:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Տեսանյութ

«Ադամի» մեդիա մրցանակ
Դիտվել է՝ 1645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ